ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստում հայտնեց, որ ռեստորանային երգիչներին իրավունք կտրվի աշխատել, բայց միայն ռեստորանների բացօթյա տարածքներում՝ հակահամաճարակային որոշակի կանոնների պահպանմամբ։
«Ինչ վերաբերում է ընտանեկան միջոցառումներին, հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին, թույլատրվելու է երաժիշտների և երգիչների մասնակցությունը նմանատիպ բացօթյա միջոցառումներին: Այսինքն՝ փակ տարածքներում սահմանափակումները դեռևս գործելու են»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը նշեց, որ համերգների պարագայում ևս բացօթյա տարածքներում թույլատրվելու է երաժշտության ոլորտի ներկայացուցիչների գործունեությունը՝ որոշակի կանոնների պահպանմամբ: Պարետը նաև հավելեց, որ այդ որոշումները լինելու են մոտակա օրերին:
Անդրադառնալով ընտանեկան միջոցառումների՝ ոչ թե 40 մարդ ներգրավվածությամբ անցկացմանը, այլ գոնե 60՝ փոխվարչապետը նշեց, որ թվաքանակի սահմանափակվածությունը պայմանավորված է համաճարակային իրավիճակից, եթե դրական դինամիկան պահպանենք, գուցե հաջորդ քայլով մեղմացումները ավելի մեծ լինեն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի առաջարկին ի պատասխան, փոխվարչապետը նշեց, որ նախնական տարբերակով առաջարկվում էր թույլատրել հանրային միջոցառումներին 30 հոգու մասնակցություն. «Ենթադրվում է, որ նույնիսկ հարսանիքներն այս համաճարակային իրավիճակի պայմաններում հնարավորինս նեղ ընտանեկան կազմով պետք է լինեն: Դրական դինամիկայի պահպանման պայմաններում մեղմացումներ կլինեն ու միջոցառումների մասնակիցների թույլատրելի թիվը կավելացվի»:
Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: Նշենք, որ կառավարությունն արտահերթի նիստի ընթացքում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը մինչև սեպտեմբերի 11-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







