Թուրքիան ունի Միջերկրական ծովում իր դեմ ձևավորված «չարամիտ դաշինքները» ոչնչացնելու ունակություն և վճռականություն, ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Ասքոյի հայտարարության մեջ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությունը հետևել է ի պատասխան Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության, որով կոչ է արվում Անկարային դադարեցնել իր գործունեությունը Միջերկրական ծովում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիան նաև կոչ է արել տարածաշրջանային խաղացողներին ձեռնպահ մնալ որպես «Միջերկրական ծովի միակ տերեր» դիրքավորելու փորձերից:
«Նրանք, ովքեր գործում են «Ես եմ Միջերկրական ծովի միակ տերը» սկզբունքից ելնելով, հիասթափված կլինեն», – հայտարարել է Ասքոյը՝ հավելելով.
«Ոչ ոք չպետք է փորձի մեր երկիրը դուրս մղել Միջերկրածովյան տարածաշրջանից, որը դարեր շարունակ եղել է Թուրքիայի իշխանության ներքո»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ երկիրը շարունակելու է իրականացնել իր ծրագրերը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի վերաբերյալ ինչպես «դաշտում», այնպես էլ դիվանագիտության ոլորտում այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցում չի գերիշխել առողջ բանականությունը:
Անկարան միշտ պատրաստ է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով և իրավահավասար հիմունքներով, հայտարարել է Էրդողանը երկրի կառավարության նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ Միջերկրածովյան երկրները պետք է բանաձև մշակեն, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, և պաշտպանեն դրանցից յուրաքանչյուրի իրավունքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







