Պայթյունի հետևանքների վերացման համար Լիբանանին օգնություն ցուցաբերելու միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Լիբանանին օգնության դոնորների համաժողովը տեղի կունենա կիրակի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այն կկազմակերպվի Ֆրանսիայի կողմից և ուղղված կլինի Լիբանանի շտապ օգնության հավաքմանը՝ աղետի հետևանքները վերացնելու համար», — ասել է նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են հարյուրավոր շենքեր, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել: Ըստ Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ողբերգության պատճառը եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումն է եղել, որն առգրավվել է վեց տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից:
Իշխանությունները միջադեպի կապակցությամբ ձերբակալել են նավահանգստի վարչակազմի 16 անդամների, այդ թվում՝ նրա տնօրենին։
Պայթյունի հետևանքով առնվազն 149 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը տուժել։ Զոհվել է նաև 11 հայ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







