«Որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ եմ ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, զորակցությունս հայտնել հայ համայնքին և տեղեկացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը»,- գրել է Ծառուկյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս:
Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:
Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Թել Ավիվը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Նշվում է, որ զոհվել է ավելի քան 100, վիրավորվել՝ 4000 մարդ։ Զոհվել է նաև 6 հայ։
Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







