Հայաստանում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Այս մասին ասվում է Դիլիջանի ԲԿ-ի տարածած հայտարարության մեջ։
«Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 բուժառու:
«Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին: Դիլիջան բժշկական կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին:Այս շաբաթվանից Էրեբունի և Նաիրի բժշկական կենտրոնների մասնագետների այցերը կվերսկսվեն»,- ասվում է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







