Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցներում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի շուրջ 250 տնատիրությունների տասնամյակների խնդիրը:
«Այժմ այստեղ գործող կոյուղու շահագործումը գրեթե հակացուցված է: Դրա համար մենք ծրագիրը մեկնարկեցինք հենց այստեղից: 800 գծամետր է երկարությունը՝ 57 մլն դրամ ֆինանսավորմամբ: Կապալառուն սկսել է աշխատանքները, բավական բարդ տեղանք է»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Տարեկան ծրագրով մյուս վարչական շրջաններում ևս ընտրվել են ամենախնդրահարույց հասցեները:
«Պատկերացրեք, թե ինչ ծավալի աշխատանքներ ենք փորձում սկսել, որոնք շատ մարդկանց համար տեսանելի չեն, բայց մնայուն են, հիմնարար և առնվազն 30 տարի այս փողոցների տնատիրությունների սեփականատերերը կարող են անհոգ լինել, որ այս հիմնախնդիրը մեկընդմիշտ փակվելու է իրենց համար»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
«Շարունակություն ունի ծրագիրը մայրաքաղաքում. այս պահին հայտարարված է ևս 7 հասցեների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Ցավոք, պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջ քաղաքով մեկ մեկնարկած կլիներ, եթե չլինեին օրինազանց հայտատուներ, որոնք կեղծ փաստաթղթերով հայտնվեցին մրցույթներին և ձախողեցին ամբողջ տարվա ծրագիրն այս ոլորտում»,- նշում է Կամո Արեյանը:
Ժամանակին ոչ ճիշտ նախագծային լուծումների պատճառով այս փողոցների կոյուղին գրեթե չէր գործում, ինչը լուրջ խնդիրներ էր ստեղծում բնակիչների համար: Այսօր ցուցաբերվում է շատ ավելի մասնագիտական մոտեցում:
«Ժամանակին, երբ այստեղ կառուցվել են կոյուղագծեր, խողովակի տրամաչափերն անհամեմատ փոքր են եղել, դիտահորերի նիշերը մեկուկես մետր խորության փորել- իջել են, իսկ ժամանակին 40 սմ էր: Նաև հաշվի առնենք, որ խողովակները մետաղյա են եղել և ժամանակի ընթացքում քայքայվել են, իսկ այս պահին ժամանակակից մետաղապլաստե հումքով խողովակներ են տեղադրվում, որոնք շատ ավելի երկար են ծառայելու»,- նկատում է Արամ Դանիելյանը:
«Ծրագրով փոխվում է նաև 35 հատ միանգամայն նոր դիտահոր: Փոխվելու են նաև բնակելի տների վնասված մուտքագծերը: Կատարելու ենք ասֆալտապատում»,- ասում է «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ ճարտարագետ Էմիլ Բզնունին:
Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 տոկոսը քայքայված է: Մայրաքաղաքում կոյուղատար ցանցին առնչվող խնդիրները վերհանելու, հասցեների ընտրության ու համայնքային բյուջեով ծրագիրն իրականացնելու գործում կարրոր դեր են խաղում նաև Երևանի ավագանու ակտիվ անդամները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







