Չկա հստակ բնութագրիչ, որը կբնութագրի Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կբնութագրի այսօրվա արտաքին քաղաքականությունը:
«Մենք ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում»,-նշել է նա՝ կասկածի տակ առնելով այն, որ այսօր կառավարությունը ճիշտ է գնահատում այն գլոբալ փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում:
«Ակնհայտ է, որ կա երկու գործընթաց այսօր, մեկը` բազմաբևեռ աշխարհի ձևավորումն է, որն այսօր փաստ է, և այդ բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացում էապես աճում է տարածաշրջանային հզոր պետությունների դերը այս տարածաշրջանում: Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում էական մրցակցություն է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև, և երբ չկա միաբևեռ, դոմինանտ պետություն, ապա, իհարկե, այս գործոնները փոխվում են»,-նշել է Քոչարյանը։
Հաջորդ միտումն, ըստ երկրորդ նախագահի, այն էլ որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձևավորվեց միաբևեռ աշխարհ՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ, և այն ժամանակ տնտեսական գլոբալիզացումը կապվեց մեկ այլ` արժեհամակարգային գլոբալիզացիայի հետ։ «Սկսվեց քաղաքակրթական, մշակութային տարբերությունների, այսպես ասած, աշխարհի հոլիվուդացում, ես նույնիսկ տերմին եմ օգտագործում՝ աշխարհի «սորոսիզացիա»: Այստեղ խոսքը Սորոսի մասին չէ, փոխաբերական իմաստով է, այն ավելի լայն է: Հազարավոր դոլարներ է ծախսվել մեծ թվով հկ-ներ ստեղծելու համար, որոնց հիմնական նպատակն է եղել այդ գլոբալիզացիայի վրա այդ թեզը առաջ տանել»,-նշել է նա:
Քոչարյանի կարծիքով` հիմա այդ թրենդը փոխվել է, և մարդիկ համարում են, որ քաղաքակրթական և մշակութային բազմազանությունը այս մոլորակի ուժն է և արժեքը, որի համար պետք է պայքարել: «Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն հկ-ներից, որոնք ձևավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից, և այդ քաղաքականությունն են վարում, և հիմա ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են»,-ընդգծել է նա։
Որպես իր ասվածի ապացույց Քոչարյանը մատնանշել է ազգային արժեքների մասին, եկեղեցու վերաբերյալ ներկա վերաբերմունքը, որոնք տարբեր ազգերի ինքնության բաղադրիչներն են, իսկ Հայաստանում փորձում հանել մեր մշակույթից, կրթական ծրագրերից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







