Տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱՆ մամուլի ծառայությունից։
Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ միջոցների կիրառման առանձնահատկություներն ու արդյունավետությունը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոհեռարձակման, ինչպես նաև բջջային ցանցի և համացանցի հասանելիությանը վերաբերող հարցեր։
Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիոհաճախականությունների չափագրումներ և ռադիոծածկույթի, բջջային և համացանցային քարտեզագրման աշխատանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկամանրաթելային համացանցի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ Շարունակական բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







