Նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ աջակցություն է ցուցաբերվել բնական աղետից տուժած գյումրեցի ընտանիքներին։ Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս աշխատանքային այցով Գյումրիում էր՝ ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին և քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները։
Նախագահը հանդիպել էր բնական աղետից առանձնապես տուժած ընտանիքներին, անմիջապես նրանցից տեղեկացել վնասների մասին: Արմեն Սարգսյանն ասել էր, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի, և էական է, որ մարդիկ զգան ու իմանան, որ ուշադրության կենտրոնում են:
Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի կողմից տուժած ընտանիքներին տրամադրվել է որոշակի աջակցություն: Մասնավորապես նրանց համար ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, որը նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները նախագահի՝ Գյումրի այցի հենց հաջորդ օրը հանձնել են հասցեատերերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







