Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 24-ին, այցելել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում բնակվող Էլբակյանների ընտանիքին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նրանց որդին՝ հայկական զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանը, օրեր առաջ զոհվել էր հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան՝ Տավուշի հատվածում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։
Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել կապիտան Էլբակյանի ծնողներին, նշել, որ նրանց որդին իր երիտասարդ կյանքն է զոհաբերել՝ անձնվիրաբար պաշտպանելով հայրենիքի սահմանը և բոլորիս խաղաղությունն ու անվտանգությունը։
Հանրապետության նախագահը նաև երախտագիտություն է հայտնել կապիտան Սոս Էլբակյանի ծնողներին՝ նման քաջ ու հայրենասեր զավակ դաստիարակելու համար:
«Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ։ Նրա սխրանքն անմահ է»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ մենք բոլորս հպարտանում ենք մեր բանակով ու նրա խիզախ զինծառայողներով:
Մարմաշենի վանքում նախագահ Արմեն Սարգսյանը մոմ է վառել կապիտան Սոս Էլբակյանի և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







