Կառավարության նիստին զուգահեռ, կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացրել դիմորդներն ու նրանց ծնողները. պատմում են, որ 15-19 միավոր ստացած մեծ թվով դիմորդներ դուրս են մնացել, այնինչ ավելի ցածր միավորներով շատերն ընդունվել են բուհեր: Պատճառը կառավարության որդեգրած նոր մոտեցումն է՝ փոփոխություն է արվել ընդունելության կարգում․ գերակա է առաջին հայտը, այսինքն՝ թե դիմորդը առաջին տողով որ մասնագիտությունն է ընտրել։ Կառավարության շենքի դիմաց բուհ չընդունված ուսանողների և իրենց ծնողների բողոքի ակցիային միացել են ՀՅԴ երիտասարդական միության անդամները։
ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանի խոսքով՝ նախարարությունը պարտավոր էր տեղյակ պահել և պատշաճ ներկայացնել փոփոխությունը, իրենք այստեղ են, որ աջակցեն դիմորդներին:
«Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կարևորագույն ոլորտը չունի համապատասխան ղեկավար և կառավարում, նրանց բացթողման արդյունքում դիմորդները չեն իմացել կարգի փոփոխության մասին։ ԿԳՄՍ նախարարությունը պետք է այնպես աշխատեր, որ այս հարցը չառաջանար, և նոր կյանք մտնող դիմորդները փողոցում չպայքարեին: Մեր համար անակնկալ չէ այս ոլորտի խնդիրները: Մենք ամիսներ առաջ էինք բարձրաձայնում, որ նախարարը իր պաշտոնին չի տիրապետում և օր առաջ պետք է հեռանա: Եվ այս իրադարձությունը փաստում է, որ նախարար չունենք, ունենք մարդ, որ չի տիրապետում իր ոլորտին, և փոխնախարարը դա երեկ փաստեց, ասելով, որ 13000 մարդու չէին կարող տեղյալ պահել, բայց իրենք պարտավոր էին տեղյակ պահել, որ դիմորդներն իմանային օրենքի ինչ փոփոխություն է տեղի ունեցել»,-ասաց Գոռ Սարգսյանը:
ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, քանի որ իրենք լավ գիտեն կրթական համակարգի խնդիրները, եկել են դիմորդներին և ծնողներին աջակցելու:
Չնայած ոստիկանությունը իրենցից պահանջել է հեռանալ կառավարության շենքի դիմացից, քանի որ չեն հանդիսանում ծնող կամ դիմորդ, սակայն միության անդամները որոշել են մնալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







