Միանալով Համաշխարհային փոստային միության համակարգի նոր ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն Ռուսաստանի փոստի (Почта России) հետ համատեղ մեկնարկել է դրամական փոխանցումների նոր «PosTransfer» համակարգ: Սա դրամական փոխանցումների նորագույն համակարգի առաջին գործարկումն է ոչ միայն ԱՊՀ երկրների տարածքում, այլև Համաշխարհային փոստային միության անդամ երկրների շրջանում: Այս մասին հայտնում է «Հայփոստ»-ի պաշտոնական կայքը։
Համակարգը հնարավորություն է ստեղծում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումներ կատարել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր բաժանմունքներում՝ ընդամենը 1,2% միջնորդավճարով: Հայաստանում դրամական փոխանցումները սպասարկվելու են ավելի քան 800 փոստային բաժանմունքներում, իսկ ՌԴ-ում՝ ավելի քան 30 000 սպասարկման կետում, ինչը նշանակում է, որ այսուհետ «Հայփոստ»-ի միջոցով դրամական փոխանցումները հասանելի կլինեն ցանկացած նույնիսկ ամենահեռավոր համայնքում:
Համակարգը հասանելի է նաև օնլայն ռեժիմով և ապահովում է առավելագույն օպերատիվություն, դրամական փոխանցումն իրականացնելուց 15 րոպե անց հասցեատերը Հայաստանի կամ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքում կարող է ստանալ իր գումարը:
Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016 թ.-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում: Սպասվում է, որ Համաշխարհային փոստային միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում:
Համաշխարհային փոստային միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







