Ընդամենը 14 օր առաջ հայտարարեցինք նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Ոգևորող նորություն ունեմ բոլորիս համար․ այսօրվա տվյալներով՝ արդեն 391 դիմորդ ունենք քաղաքացիական անձանցից և 330 հոգի՝ ոստիկանության ներկայիս ծառայողներից, այն դեպքում, երբ դիմումների ընդունման ժամկետն ավարտվելու է օգոստոսի 7-ին։ Վստահ եմ, որ առաջիկան օրերին ևս մեր քաղաքացիների հետաքրքրվածության ու հայրենի ոստիկանության ոլորտում այս պատմական փոփոխության մասնիկը դառնալու ցանկության նվազում չենք ունենա, և մինչև մրցույթի ժամկետի ավարտը դիմորդների թիվն առնվազն կկրկնապատկվի»,- գրել է Բադասյանը։
Նախարարը հիշեցնում է, որ Երևանում պարեկային ծառայությունը կգործի 2021 թվականի առաջին եռամսյակից, իսկ մարզերում՝ 2022 թվականի առաջին եռամսյակից։
«Դիմել կարող են բացառապես 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները․ բացառություն անել հնարավոր չէ։ Հասակի մինիմալ շեմը սահմանվել է 160 սմ՝ պայմանավորված ծառայության համար անհրաժեշտ օբյեկտիվ ֆիզիկական պարամետրերով և առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով։ Վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է և՛ իգական, և արական սեռի ներկայացուցիչների համար»,- գրել է Բադասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Հայաստանի կառավարությունը ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսում է ստեղծել պարեկային ծառայություն՝ նոր գործելաոճով, նոր հմտություններով, բարձր աշխատավարձով ու նոր տեխնիկական միջոցներով:
«Արդեն հայտարարվել է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ։ Դիմեք և ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարևոր այս կառույցի ձևավորմանն ու կայացմանը»,- գրել է Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







