Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է բավարարող առաջընթաց (satisfactory progress) ունեցող երկրի կարգավիճակ, որն ամենաբարձր գնահատականն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«2020 թ. հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանն ԱՃԹՆ-ի 53 անդամ երկրներից այն 9-ի թվում է, որոնց շնորհվել է այդ կարգավիճակը, ընդ որում, սա մեր առաջին գնահատումն է, և միանգամից ամենաբարձր արդյունքն ունենք»,- գրել է Ավինյանը:
Փոխվարչապետը նշել է, որ խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և Բազմաշահառու խմբին՝ ԱՃԹՆ -ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի և ազգային կարևորության խնդիրները քննարկելու, ԱՃԹՆ-ի շրջանակը ընդլայնելու ուղղությամբ իրականացրած ջանքերի համար:
«ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության հրապարակած հաղորդագրության մեջ Հայաստանը բնութագրվում է որպես «արագ թափով դեպի ավելի մեծ թափանցիկության» ընթացող երկիր: Նշեմ, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ հանձնառու է ներդնելու ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող լավ կառավարման սկզբունքները, որոնք առանցքային նշանակություն ունեն հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների համար։ Այդ առումով Բազմաշահառու խումբն աշխատանք կտանի պահպանելու արդեն գրացված արդյունքները, միաժամանակ կենտրոնանալով ԱՃԹՆ-ի ազդեցության աճի, կանոնավոր բացահայտումների համակարգի զարգացման և հանրային նշանակության խնդիրներն օրակարգում ներառելու համար»,- գրել է Ավինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







