Պարեկային ծառայության ներդրումը ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջին տեսանելի քայլն է, որը հաստատվել է այս տարվա ապրիլին:
Հուլիսի 18-ին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ, խոսելով նոր պարեկային ծառայության ստեղծման մասին, նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Գրիգորյանն ընդգծել է, որ ոստիկանության բարեփոխումներն առաջնահերթություն են գործող կառավարության համար։ «Բարեփոխումներն ուղղված են ոստիկանությունում զարգացումները ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցնելուն»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը, այնուհետև ներկայացրել Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները․ այն հարցին, թե ինչպե՞ս է հասարակությունը գնահատում համավարակի ընթացքում ոստիկանության աշխատանքը, հարցվածների 65 տոկոսը նշել է, որ աշխատանքն ավելի լավն է, քան նախկինում:
«Պարեկային ծառայությունն այն լավ օրինակն է, թե ինչպես հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգության ապահովման, ճանապարհային անվտանգության կարգի կազմակերպման առումով գործել ավելի արդյունավետ ու մարդակենտրոն»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ կառավարությունը ձգտում է ունենալ այնպիսի ոստիկանություն, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը, որը ծառայում է ոչ թե օրվա իշխանության քաղաքական շահերին, այլ հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխմանը։
Քրիստիննե Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021-ի առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022 թվականի առաջին եռամսյակից: «Փուլային մոտեցման նպատակն այն է, որ պատրաստվեն բավարար որակով և բավարար թվով կադրեր և ոչ թե ունենալ զանգվածային կադրերի պատրաստման կոնվեյեր ու չունենալ անհրաժեշտ որակ: Սա պատմական փոփոխության հնարավորություն է, և մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է այդ փոփոխության մասնակիցը կամ աջակիցը դառնա»,- հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալը:
Հիշեցնենք, որ նոր կառույցում ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո:
Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ: Նրանց համար նախատեսվում են նաև սոցիալական երաշխիքներ։
Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով՝ ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:
Պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







