Հուլիսի 16-ին Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից Բեյրությում հանդիպումներ են կազմակերպվել հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ՝ փոխանցելու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված դրամական օգնությունը։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Հոգևոր առաջնորդներին ուղղված Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ուղերձում մասնավորապես, ասված է. «Հայության բարոյական պարտականությունն է կանգուն պահել Լիբանանի հայ համայնքը, մի համայնք, որը մշտապես օժանդակ և նեցուկ է եղել հայ ժողովրդին։ Արցախի ժողովուրդը մշտապես երախտապարտ է լիբանանահայությանը և չի մոռանում այն մեծ օգնությունը, որ Լիբանանի հայկական համայնքը տրամադրել է Արցախի համար դժվարին ժամանակներում։ Ցանկանում եմ, որ Լիբանանը շուտափույթ կերպով դուրս գա այս ճգնաժամից, և ամենամոտ ժամանակներում հանդիպենք Արցախում»։
Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներն իրենց հերթին բարձր են գնահատել Արցախի Հանրապետության կողմից օգնության տրամադրումը՝ նշելով, որ այն խորհրդանշական և բարոյական մեծ արժեք ունի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







