Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:
Հանդիպմանը մասնակցել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հիմնադիր նախագահ, «Յունիքոմփ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Օնէքս» ՍՊԸ տնօրեն Սամվել Մարտիրոսյանը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Ընկերությունների ղեկավարներն անդրադարձել են ոլորտի վրա համավարակի ազդեցությանը, երկրի համար գերակայություն հանդիսացող այս բնագավառի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև՝ որակյալ կրթությանն, արտոնությունների տրամադրմանը, ժամանակակից ուղղություններին՝ տվյալների կառավարմանը, կիբերանվտանգությանը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել՝ հաջողության հասնելու համար: Նախագահն առաջարկել է փոփոխվող աշխարհին նայել ուրիշ աչքերով, հասկանալ զարգացման միտումներն ու ուղղությունները և փորձել դիրքավորվել նորովի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







