Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ օրակարգ բերվեց և քննարկվեց «Հայաստանի պետական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։
Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը նախ կազմակերպության մասնակից երկրներին ներկայացրեց հուլիսի 12-ից մինչ օրս Հայաստանի պետական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունների ժամանակացույցը, ինչպես նաև՝ դրան նախորդած Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական և ռազմական բնույթի զարգացումները, որոնք ակնհայտ վկայում են, որ հուլիսի 12-ին սկսած հարձակումը նախապես ծրագրավորված գործողություն է։
Դեսպան Արմեն Պապիկյանը նաև նշեց, որ հայատյացության մակարդակն այնպիսի վտանգավոր աստիճանի է հասել, երբ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից նույնիսկ թեթև մանիպուլյացիայի դեպքում այդ հակահայկական ատելությունը կարող է հանգեցնել ռազմական բախումների և նույնիսկ լայնածավալ ագրեսիայի ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծի երկայնքով։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրեց Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերի՝ Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերի ռմբակոծությունը ականանետերի և գրադ կայանի օգտագործմամբ՝ պատճառելով ավերածություններ ինչպես բնակելի տներին, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Դեսպանը հատուկ ընդգծեց Այգեպարի մանկապարտեզի ռմբակոծման փաստը։
Դեսպան Պապիկյանը նշեց նաև, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն իր հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայում է բնակավայրերում, դրանով իսկ վտանգելով իր իսկ քաղաքացիական բնակչությանը. «Նման դատապարտելի մարտավարությունը ևս նորություն չէ՝ այն օգտագործվել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սա վկայում է, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը բացարձակ չի հետաքրքրում իր իսկ սեփական ժողովրդի ապահովությունը և անվտանգությունը, ուր մնաց Հայաստանի և Արցախի ժողովրդինը»։
Այնուհետև Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահին՝ հավասարակշռված հայտարարություն անելու կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի գործընկերներ և բարեկամ երկրներին համապատասխան արձագանքի համար։
Դեսպան Պապիկյանը հատուկ անդրադարձավ Թուրքիայի կողմից արված հայտարարություններին՝ դրանք գնահատելով որպես Ադրբեջանի վարքագծի ուղիղ խրախուսում, ինչը ներկայիս լարված իրավիճակում բացարձակ անպատասխանատու և անընդունելի է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







