30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելու ջրով. բագարանցիներն այլևս ստիպված չեն լինի խմելու ջրի կարիքը հոգալ համայնքից ավելի քան 1 կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
Համայնքում խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականների ընթացքում: Առաջին փուլն ընդգրկում է աղբյուրակապի և դրանից սնուցվող ջրագծի, իսկ երկրորդը՝ ջրամատակարարման ցանցի և մուտքագծերի կառուցումը:
Ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի առաջին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 106 մլն 486.35 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 74 մլն 540.445 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 31 մլն 945.905 հազ. դրամ:
Ջրամատակարարման համակարգի կառուցմամբ Բագարանի շուրջ 160 տնտեսություն կապահովվի որակյալ, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան խմելաջրով, իսկ գյուղը կունենա ինքնահոս ջրամատակարարման ցանց և ջրատար:
Նշվում է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր և 1 հիմնական աշխատատեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







