Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք: Հաշվի առնելով, որ այս տարի առատ բերք է սպասվում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ անցկացնում է հանդիպումներ խաղող մթերողների հետ: «Արմենպրես»—ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ մեծ թվով ֆերմերներ են ընդգրկված խաղողի արտադրության մեջ:
«Մեր նպատակն է այնպիսի պայմաններ ապահովել, որ մթերման ժամանակ խնդիրներ չունենանք վաճառքի հետ կապված, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի արդեն խաղողի վերամշակումից արտադրանք ստացած կազմակերպությունները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը: Հանդիպումներին ոլորտի ներկայացուցիչների հիմնական բարձրացված խնդիրները վերաբերում էին վաճառքի ծավալների և արտահանման ծավալների կրճատմանը: Խնդիրն ամբողջ աշխարհում է՝ պայմանավորված համավարակով: Ճիշտ է, մի կողմից նկատում ենք, որ կան երկրներ, որտեղ ալկոհոլային խմիչքների սպառումը բարձր է, ամեն դեպքում, մեր արտադրողների մոտ նկատվում է արտահանման և տեղական շուկաներում պատվերի նվազում»,-ասաց նախարարի տեղակալը:
Արման Խոջոյանը նշեց, որ հավանաբար որոշ փոխոխություններ կկատարվեն՝ ապահովելու բարենպաստ պայմաններ խաղող մթերողների համար: Այն տնտեսվարողները, որոնք գինու պահամաններ, տարաներ կներկրեն Հայաստան, կարող են դիմել նախարարություն: Վերջինս կփորձի աջակցել ԱԱՀ-ի հետաձգման, մաքսատուրքից ազատաման գործում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







