ՀՀ Կառավարությունն այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարության միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին։
Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ և Ղազախստանի միջև նավթամթերքի առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա կարևոր համաձայնագիր է, որը քննարկվել ու բանակցվել է մոտ 1,5 տարի։
«Այս համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքն ավելի բարելավված պայմաններով ներկրել դեպի Հայաստան, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու։ Այն ենթադարաբար ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»,- ասաց փոխվարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ նախագծին՝ նշելով․
«Այո, շատ կարևոր է, ինչքան էլ մենք ասենք, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները մասնավորապես նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են, և այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու, և նաև մրցակցությունը խթանելու հետ կապված մենք շատ անելիք ունենք։ Մենք մինչև վերջ Հայաստանում որևէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է սպառողների իրավունքների պաշտպանության վրա»։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ շեշտեց, որ նախագիծը կարևոր է այնքանով, որ մինչ այսօր ՌԴ-ից ներկրվող նավթամթերքն, ու մասնավորապես բենզինը ևս ազատված են մաքսատուրքից, բայց Ղազախստանից ներկրման հնարավորությունը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել նաև այդ երկրից բենզին ու դիզվառելիք ներկրողների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







