Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:
Նախագահի աշխատակազմից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի, առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել առողջապահության նախկին նախարար, ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանի հետ:

Հանդիպումների և զրույցների ընթացքում խոսվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակի, առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության, առողջապահական համակարգի արձագանքի ու որդեգրած ռազմավարության մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համավարակի տարածումը կանխելու և հաղթահարելու ուղիների շուրջ: Առողջապահական ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







