«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, եղել են Արցախում, որտեղ մի շարք հանդիպումներ են ունեցել Հանրապետության ղեկավարության հետ:
Նախաձեռնության անդամներին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հանդիպման ընթացքում Նախագահն անդրադարձել է Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:
Իր հերթին նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել տարբեր հարցերում աջակցել Արցախին:
Նախաձեռնության անդամներին ընդունել է նաև Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը: Արցախի ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձել է երկու հանրապետությունների միջխորհրդարանական համագործակցությանը՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում խորհրդարանների մշտական հանձնաժողովների ավելի սերտ համատեղ աշխատանքի ուղղությամբ:
Արման Բաբաջանյանն իր հերթին խորհրդարանի նախագահին ներկայացրել է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության նպատակները և համոզմունք հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները ծառայեցնելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ խորհրդարանական համագործակցության հարցեր: Հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը կարևորել են համազգային օրակարգի շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությունը:
Նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպել են նաև Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել նախաձեռնության Facebook-ի էջում (նշենք, որ Արցախի ԱԳՆ կայքում հանդիպման մասին տեղեկատվություն չի հրապարակվել) ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակը, ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային ու գլոբալ նշանակության մի շարք արտաքին քաղաքական հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







