Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները
«Հրապարակ» օրաթերթ
-
- Թերթի փոխանցմամբ՝ իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված եւ մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Հուլիսի 14-ին ավարտվում է երրորդ ժամկետը, ըստ որոշ տեղեկությունների, առնվազն մինչեւ դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմում, իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ նշվել է այդ ժամկետը, ինչը, բնականաբար, առաջին հերթին ընդդիմության դեմ է ուղղված՝ հանրային միջոցառումների կանխման նպատակով։
- Թերթի տեղեկություններով՝ երեկ, երբ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը մուտք է գործել դատարան, նրան են մոտեցել Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը եւ զգուշացրել, որ եթե շարունակի իր ակտիվությունը, անհետեւանք չի մնա։ Սպառնացել են, որ եթե շարունակի գնալ ՍԴ, իրենք կդիմեն ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել իշխանության զավթման հոդվածով: Թերթի հետ զրույցում Գյուլումյանը հայտնել է, որ չի կարող ասել, թե ինչ է խոսել գործընկերների հետ։
- Թերթի փոխանցմամբ՝ հունիսի 30-ին ՍԴ-ում նշանակված է աշխատակարգային նիստ, օրակարգում՝ 8 կարեւոր հարց: Սակայն ՍԴ 3 դատավորներ ԱԺ-ի ընդունած օրինագծի արդյունքում պաշտոնանկ են այլեւս, իսկ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն արձակուրդում են. ասել է թե` քվորում չկա, եւ նիստ չի կայանա։ Մինչդեռ հարցերից մեկի առնչությամբ վարչապետ Փաշինյանը խնդրել է արագ որոշում կայացնել. խոսքը ՀՀ-ի եւ Վերականգնման ու զարգացման բանկի միջեւ պայմանագրի մասին է, որը պետք է արագ ռեժիմով ուղարկվի ԱԺ` հաստատման: Կա՞ նման համաձայնագիր 30-ի նիստի օրակարգում՝ հարցրել է թերթը ՍԴ իր աղբյուրին։ «Այո, կա, մենք հարգել ենք վարչապետի խնդրանքը, դրել խնդրի քննարկումը ամենամոտ նիստում․․․ Եթե քվորում չլինի, ապա` այո, խնդիր կառաջանա, որովհետեւ, եթե ՍԴ-ում հարցը մնում է չլուծված, այն առկախվում է՝ հնարավոր չէ ո՛չ ժամկետը երկարացնել, ո՛չ էլ այլ բան անել»: «Իշխանությունն իր ձեռքով սահմանադրական ճգնաժա՞մ ստեղծեց»,-գրել է թերթը։
- Թերթը գրում է, որ Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա իրավապահներին ասել է, թե ինքը «նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս»։
«Ժողովուրդ» օրաթերթ
- Թերթը հայտնում է, որ երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կողմից Սահմանադրական դատարանի այլևս նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ուղարկված նամակը սառը ցնցուղ է եղել իշխանության ներկայացուցիչների համար: Եվ, ահա, այդ եզրակացությունը թեև փորձ էր արվել ներկայացնել դրական լույսի ներքո, սակայն իրականում անթաքույց քննադատություն էր պարունակում: Իսկ երեկվա նամակը եղել է թերևս վերջին կաթիլը, և իշխանության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ իմքայլական պատգամավորները, դա կրկին համարել են նախարար Բադասյանի բացթողումը, քանի որ հենց վերջինս է սերտ աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ` ըստ էության չկարողանալով «համոզել» նրանց:
- Մինչ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները բուռն աշխատանքներ են իրականացնում՝ հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունը պատրաստելու համար, օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից: Եվ, ահա, օրաթերթի տեղեկություններով՝ օրերս իրավապահ կառույցներից մեկում ներքին քննարկումներ են եղել այդ հանձնաժողովի աշխատանքի մասին, և տարակուսանք են բարձրաձայնել, թե այդպես էլ որևէ հարցում չեն ստացել, ու հետաքրքիր է` ինչո՞ւ: Հետաքրքիր է` ԱԺ հանձնաժողովին ինչու չեն հետաքրքրել՝ արդյոք իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցել են, օրինակ, սպառազինությունների մատակարարման, դիրքերի կահավորման բացթողումների մասով և ինչեր են հայտնաբերել այդ քրգործերի շրջանակներում: Պարզվում է` հետաքրքիր տեղեկություններ ուժայիններում, այնուամենայնիվ, կան: Բայց հիմա հանձնաժողովի իրավաբանական թևը և պատգամավորները առանձին-առանձին ամփոփիչ փաստաթղթեր են պատրաստում, որոնք հետագայում կհամադրվեն:
- Օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի ընթացքից, որով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մասնավորապես, թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր քաղաքացիների է տանում հարցաքննության՝ պարզելու, թե ինչ տեղեկություն ունեն այն մասին, որ ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել: Եվ հիմնականում այդ քաղաքացիները Գեղարքունիքի մարզի բնակիչներն են:
«Ժամանակ» օրաթերթ
- Թերթի փոխանցմամբ՝ շինարարական բիզնեսի ներկայացուցիչները հույս ունեն, որ կառավարությունը աջակցության միջոցներ կձեռնարկի ոլորտը փրկելու համար: Խնդիրն այն է, որ բազմաբնակարան շենքերի շինարարությունը վարկավորվում է բանկերի կողմից: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բանկերը այնքան էլ չեն շտապում շարունակել ֆինանսավորումը, թերևս մտավախություն ունենալով, որ կառուցապատողները խնդիրներ են ունենալու բնակարանները վաճառելու և վարկերը վերադարձնելու հետ կապված: Կառուցապատողները հույս ունեն, որ Վրաստանի օրինակով Հայաստանի կառավարությունը ևս կարող է խրախուսել անշարժ գույքի շուկան՝ սուբսիդավորելով հիպոթեքային վարկերը:
- Թերթի տեղեկություններով՝ կտրուկ սրվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հարաբերությունները: Պատճառն այն է, որ նրանց միջև կայացած պայմանավորվածության համաձայն՝ նրանք պետք է մինչև աշուն համատեղ ուժերով իշխանափոխություն իրականացնեին: Սակայն Վանեցյանի թիմի ներկայացուցիչները պնդում են, որ ԲՀԿ-ում տրամադրությունները փոխվել են, և այդ կուսակցությունը պատրաստ չէ արմատական գործողությունների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







