Մենք ունենք տնտեսական, սոցիալական և առողջապահական խնդիրների միջև ճիշտ բալանս պահելու անհրաժեշտություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ ապրիլին Հայաստանում 71 հազար աշխատատեղ փակվել էր, և եթե այդ ռեժիմը շարունակվեր, Հայաստանն իսկապես կարող էր սոցիալական կոլապսի առջև կանգնել: Հետևաբար պետք է մաքսիմալն անենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություններ ձեռք բերելու համար»,-ասաց վարչապետը
Վարչապետը նշեց, որ երկու օր առաջ Հայաստան էին այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը և արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները ունիվերսալ են, խնդիրը այդ կանոնները պահպանելու որակի մեջ է:
«Մեզ ոչ մի նոր ռեկոմենդացիա չի տրվել, դրանք նույնն են՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ձեռքերի ախտահանում: ԱՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ այս պահին, ցավոք սրտի, չունենք պատվաստանյութ և չգիտենք՝ երբ կունենանք․ քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է դիմակը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ այսօր վարակի տարածման մեծագույն պրոբլեմը բակային տարածքներն են, թաղումներն են ու հոգեհանգտյան արարողությունները:
«Մենք երբեք չենք բացառել, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ նորից գնանք համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքը փրկելու այլ տարբերակ պարզապես չլինի»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով կրել դիմակներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







