Ընտրության արդյունքների կամ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության տեսանկյունից այս պահին մենք նման իրավակարգավորումներ, որպես այդպիսին, չունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Մուկուչյանը նշեց, որ ընտրական գործընթացից հետո սահմանված են այնպիսի իրավական կառուցակարգեր և դրանցով պայմանավորված շատ սեղմ ժամկետներ, որի ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովն արդյունքների հրապարակումից հետո իրականացնում է ընտրության արդյունքների վերջնական ամփոփում:
«Դրանից հետո նաև որոշակի դատական վերահսկողության համար սահմանված ժամկետներ կան: Ընտրությունների վավերականության խնդիրը նախատեսվում է այդ փուլերում առաջադրել»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Անդրադառնալով 2017 թվականի ընտրություններում ընտրակաշառքներ բաժանելու հնարավոր դեպքերին՝ Մուկուչյանը նշեց.
«Ընտրակաշառքների հետ կապված ԿԸՀ-ն միշտ էլ հրապարակային ներկայացրել է իր մոտեցումն այդ երևույթների քննադատական հետ կապված: Ավելին, մենք համապետական ընտրությունների ժամանակ ունեցել ենք վահանակներ, որոնք ուղղակիորեն կոչ էին ընտրողներին մերժելու այդ երևույթը՝ հիշեցնելով, որ նաև ընտրակաշառք ստանալը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք»:
ԿԸՀ նախագահը նշեց, որ երբ ընտրությունների ժամանակ եղել են առանձին դեպքեր, ԿԸՀ-ի արձագանքը եղել է շատ օպերատիվ՝ նախազգուշացնելով համապատասխան սուբյեկտին ձեռնպահ մնալ ընտրական օրենսգիրքը խախտող գործողություններից, իսկ այն տեղեկությունները, որոնք հայտնվել են ԿԸՀ-ի տեսադաշտում, բոլոր նման դեպքում այդ հայտարարությունները ԿԸՀ-ն ուղարկել է իրավապահ մարմիններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







