ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել է, որ սով է լինելու երկրում:
«Ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքն իր ամառանոցում, կարելի է ասել՝ իրականությունից բավականին հեռու է: Միգուցե իրեն նամակներ գրող, երդվող մարդկանց մոտ կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատել, կարող է սով սկսվել: Դա չեմ բացառում, բայց ՀՀ-ում սով չի եղել ու չի լինելու»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Սիմոնյանն անընդունելի համարեց այն քաղաքական դիսկուրսը, որը կառուցված է միայն կորոնավիրուսի վրա:
«Խնդրում եմ՝ եկեք հիշենք և 3 ամիս անց այդ հարցը կտաք պարոն Ծառուկյանին, կասեք՝ բա սով էր սկսվում, բա ո՞ւր է խոստացված սովը»,-ասաց նա:
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին անդրադառնալով՝ Սիմոնյանն ընդգծեց, որ իր համար զավեշտալի է այն, որ Մինասյանը «Բարգավաճ Հայաստանին» ընդդիմություն է դիտում, և, ըստ նրա, ձգվում դեպի նրանց:
Հարցին, թե ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասում է, որ ԱԺ-ում կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի, և չնայած բոլոր քաղաքական հալածանքներին նրանք իրենցից կախված ամեն ինչ արել են իրավական պետության ոչնչացումը կանխելու համար, Սիմոնյանն ասաց. «Այդ պարագայում ես հաջորդ ընտրություններին առաջարկում եմ պարոն Մինասյանին այդ ընդդիմության՝ «Բարգավաճի» ցուցակով մասնակցի»: Իսկ հարցին, թե արդյոք կունենա՞ հաջողություն,վստահեցրեց՝ ոչ:
Սիմոնյանը կիսեց վարչապետի այն հայտարարությունը, ըստ որի 2018-ի ընտրություններում ԲՀԿ-ն 103 հազար ձայն է ստացել, բայց այդ ուժը պետք է ջնջվի քաղաքական դաշտից։
«Ձեր ասած ԲՀԿ-ն 2017-ի ընտրություններում ստացել է 435 հազար ձայն, այսինքն 4 անգամ ավելի շատ, քան 2018-ին»,-նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







