2019 թվականին կառավարությունը ոչ միայն բարձրացրել է ավելի քան 83 հազար մարդու նպաստի ու կենսաթոշակի չափերը, այլ օրենքով ամրագրել է, որ քաղաքացին չի կարող ավելի պակաս ծերության ու հաշմանդամության նպաստ ստանալ, քան աղքատության շեմն է։ Այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` անդրադառնալով Թանդիլյանի հնչեցրած մեղադրանքներին:
Խոսելով նպաստառու ընտանիքների մասին՝ Բաթոյանը նշեց, որ 2019 թվականին ոչ միայն ամսական շուրջ 87 հազար ընտանիքի նպաստ են վճարել, այլ նաև այդ ընտանիքներին շատ կոնկրետ քայլերով խրախուսել են հավատալ սեփական ուժերին և աշխատանքի միջոցով իրենց կյանքը բարելավելու հնարավորությանը։
«Արդյունքում՝ պետական նպաստներին ու այլ արտոնություններին զուգահեռ սոցիալապես անապահով մեր քաղաքացիներին ընձեռվել է սեզանային աշխատանքով զբաղվելու, ինչպես նաև անասնապահությամբ կայուն եկամուտ ունենալու հնարավորություն։ Հենց սա է մեր կառավարության առաջարկած հիմնական բանաձևը՝ աղքատությունից դուրս գալու և արժանապատիվ ապրելու համար։ Նպաստի նշանակման գործառույթը դադարեց գործիք լինել սեփական ժողովրդի աղքատությունից օգտվելու, պետական աջակցությունը որպես անձնական բարեգործություն ներկայացնելու և դա ամեն առիթով օգտագործելու համար»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ 2019 թվականին սոցիալական ոլորտում այնպիսի ռեֆորմների սկիզբ է դրվել, որոնք չի հաջողվել անել տասնամյակներ շարունակ։
« Ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ են աշխատանքներ տարվում, այս տարվա հուլիսի 1-ից կբարձրանա առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ աջակցության չափը, ինչպես նաև երեխայի խնամքի նպաստի չափը»,ասաց Բաթոյանը՝ հիշեցնելով, որ կառավարությունը նաև մշակել ու ընդունել է երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրեր։
Բացի այդ, նրա խոսքով, առաջին անգամ գործուն քայլեր իրանացվեցին որդեգրման գործընթացում ապօրինությունների վերացման ուղղությամբ:
«Տարիներ շարունակ ապօրինի որդեգրման գործընթացից տեղյակ էին, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում քայլեր ձեռնարկել»,- ասաց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







