«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ գործընկերների՝ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի և Ծովինար Վարդանյանի հետ միասին շրջանառության մեջ են դրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը, որն ըստ պատգամավորի՝ կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ինքնուրույնության բարձրացմանն ուղղված հերթական օրենքի նախագիծն է։
Հայրապետյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: «Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը:
Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝
1) Էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը,
2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը և իրավական վիճակի առանձնահատկություները,
3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,
4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները,
5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը,
6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը»,- գրել է Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







