Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին: Այս մասին հայտնում են ԱՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Վերջինս նախագահին է ներկայացրել շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, մասնավորապես՝ բնակարանային խնդիրները:
Երկրի ղեկավարը նշել է, որ նախատեսվում է շրջանում իրականացնել մեծածավալ ծրագրեր: Ընթացիկ տարում կսկսվեն 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման աշխատանքները, բնակարանային պայմանների բարելավման համար շրջանին կհատկացվի 150 մլն ՀՀ դրամ լրացուցիչ գումար՝ շինանյութերի ձեռքբերման նպատակով, կմեկնարկի Խնձորեսկ-Իշխանաձոր ճանապարհահատվածի ասֆալտապատման գործընթացը, մեծ ուշադրության կարժանանան ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման ծրագրերը:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ կառավարությունը գործնական այլ քայլեր կձեռնարկի հայրենադարձության գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







