Սա ընթացակարգ է և փաստացի «Իմ քայլը» խմբակցությունը որևէ դիրքորոշում չի արտահայտում, այլ տալիս է իր համաձայնությունը ԱԺ ԲՀ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դատարանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելուն: Նա հիշեցրեց դատախազության հայտարարությունը դատարանի որոշումը բողոքարկելու մասին և դեռ գործը կքննվի Վերքննիչ դատարանում և լրացուցիչ կարծիքը կարող է ընկալվել, որպես ազդեցություն դատական գործընթացի վրա։
«Դատարանի որոշման վերաբերյալ կարճ կարող եմ ասել, որ փաստացի կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա»,- նշեց նա։
Իր հերթին իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ չպետք է միախառնել ԱԺ-ում և դատարանում քննարկվելիք հարցերը։
«Ազգային ժողովը երբևիցե չի հավակնել որոշելու՝ արդյոք պատգամավորը ազատությունից պետք է զրկվի, թե՝ ոչ։ Մենք ընդամենը ասել ենք, որ ներկայացված փաստերը բավարար են, որ ԱԺ-ն թույլտվություն տա, որ դատարանը այդ հարցը քննի»,- նշեց նա։
Անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը, թե հարուցված քրեական գործն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է, Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց՝ քրեական գործ հարուցելու հիմք դարձած հիմնական փաստաթղթերից մեկը հայտնաբերվել է դեռ փետրվարին, և դրանից հետո երբ հարցաքննվել են որոշակի անձինք, տեղի է ունեցել ԲՀԿ հայտարարությունը: Պատգամավորի խոսքով՝ բացառված չէ, որ նշյալ մարմիններում նրանք ունեն իրենց աղբյուրները։
«Այս ամեն ինչը երբ համադրում ենք ժամանակագրությամբ, ակնհայտ պարզ է դառնում, որ իրենց հաստատ հասանելի կլիներ այս ինֆորմացիան: Քաղաքական հետապնդման մասով ինչ էլ արվեր, մենք գործ ունենք քաղաքական երկրորդ ուժի ղեկավարի հետ, անտրամաբանական կլիներ, որ հակառակը չպնդեր ԲՀԿ-ն և ասեր, որ այստեղ քաղաքական հետապնդում չկա, մեր կուսակցության ղեկավարը մեղավոր է և պետք է պատժվի: Բայց մի պարզ բան ասեմ. եթե կա քաղաքական հետապնդում, ես չեմ տեսել այդպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի»,- նշեց Գաբրիելյանը:
Գաբրիելյանի խոսքով՝ մինչև այս պահը չի հասկանում ԲՀԿ ինչ հայտարարության մասին է խոսքը, որովհետև սկզբում ասել են՝ պետք է կառավարությունը փոխվի, հետո ասելեն մտահոգություն ենք հայտնել, բայց նման հայտարարություն արել է նաև ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․ սա սովորական հայտարարութուն էր։
«Ավելին՝ շնորհավորում եմ ԲՀԿ-ին, որ իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում առաջին անգամ պահանջել են Կառավարության հրաժարականը և դեռ նշյալ հայտարարությունից 15 օր անց շարունակում են պահանջել։ Իրենք պարբերաբար եղել են այլընտրանք, այլ ուժ, բոլոր հնարավոր առիթներով ուղիղ հարցադրմանը՝ պահանջու՞մ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ տվել են խուսափողական պատասխան։ Հնչել է մեկ անգամ նմանատիպ հայտարարությունից, որից հետո քաղաքական էջ է փակվել։ Իրապես շնորհավորում եմ իրենց, որովհետև անտրամաբանական կլիներ ընդդիմադիր ուժը չպահանջեր Կառավարության հրաժարականը»,- նշեց պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







