Այսօր «Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ բերող առաջին օդանավն, իսկ վաղը կժամանի ևս մեկը:
Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:
Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրում 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







