Մենք ևս մեկ քայլ ենք անում, մեր կյանքի քաղաքական բաղադրիչը հստակ տարանջատելու՝ իր գործառույթներով և իր ձևերով։ Պետք է ուշադիր լինենք, որ սոցիալ-տնտեսական, վարչական բաղադրիչները գործող մեխանիզմների շրջանակներում ազդեն քաղաքականի վրա։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
«Քաղաքական բաղադրիչը տարիներ շարունակ՝ վերածելով մեր ընդհանուր համակարգը բուրգի, ուղղակի սկսել է ազդել մնացած ենթահամակարգերի վրա, և այն խոցելի է դարձրել մեր կյանքն ընդհանրապես։ Այն մեխանիզմը, որով հանրությունը կարող էր վերահսկել քաղաքական կյանքը՝ ընտրությունների միջոցով, եղել է ախտահարված։ Պետք է հոգ տանենք, որ ընտրությունների մեխանիզմը զերծ պահենք քաղաքական համակարգի բացասական ազդեցությունից։ Մենք շատ են խոսում այս թեմայով, կարծում եմ հանրային համաձայնությունն այս հարցով հնարավոր է այն դեպքում, երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ ընդունեն իրենց մեղքը ընտրական համակարգի ձևախեղման հարցում, մենք այս արատի հետ կկարողանանք պայքարել այն դեպքում, երբ որպես հանրություն կխոստովանենք այն աղետը, որը եղել է մեր երկրում» ,- նշեց Կարապետյանը։
Ըստ պատգամավորի՝ եթե չլինի այս խոստովանությունը, եթե մշտապես հանդիպենք արդարացումների, միակ գործուն մեթոդը կմնա պատիժը: «Եվ հիմա, որպեսզի խուսափենք այս մեխանզիմների կիրառումներից, բոլորս մեր գործողությունների կամ անգործության համար պետք է մեր մեղքը խոստովանենք. սա պետք է լինի հանրային համաձայնություն՝ մեր երկրից այս ախտը վերացնելու ուղղությամբ»,- աասաց նա և հավելեց, որ պարտավոր ենք այս գործն անել, որովհետև չենք կարող անընդհատ սպասել, թե երբ իրավական համակարգը հերթական օրինակները կբացահայտի:
«Կարծում եմ՝ որպես հանրային համաձայնության արտահայտման ձև բոլոր ուժերը, անձիք, որոնք նպաստել են ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է չմասնակցեն այսուհետև քաղաքական կյանքին և պետական կառավարմանը»,- ընդգծեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






