ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունիսի 18-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար մինչև երեխայի 2 տարին լրանալը ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելու առաջարկությանը։
Նախագծում նշվում է, որ նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով առաջարկվում է խնամքի նպաստի իրավունք սահմանել նաև գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքների համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։
Ըստ նախագծի՝ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:
Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։
Համաձայն կառավարության որոշման՝ գյուղական բնակավայրերում ապրող ծնողները մինչև երեխայի 2 տարեկան դառնալը կստանան 26500 դրամ խնամքի նպաստ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չաշխատող մայրերին ևս հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, նախագծով առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից։
Առաջարկվում է նաև.
1) խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս,
2) խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս,
3) սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար,
4) վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը (հետևաբար՝ ծնողի՝ ՀՀ-ից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթները)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







