Ազգային Ժողովում շահութահարկի կանխավճարների համակարգի վերանայման հարցը քննարկելիս պատգամավոր Վիկոր Համբարձումյանը Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք մասնավորներին ավելի շատ շրջանառու միջոցներ տալով՝ Կառավարությունը փորձում է վերացնել կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքները:
Արման Պողոսյանը հաստատեց այդ տեսակետը՝ ավելացնելով, սակայն, որ երկարաժամկետ պլանում, այս փոփոխությունն ունի հեռահար նպատակ՝ ստեղծել ավելի նպաստվոր գործարար միջավայր:
«Համավարակային իրավիճակը պարզապես ստիպեց, որ այս փոփոխության մասին մտածենք և դրան հանգենք այսօր և ոչ թե 6 ամիս հետ, որովհետև նկատել եք, որ կառավարության հարկային քաղաքականությունը, ի թիվս այլ ուղղությունների, միտված է նաև շրջանառու ֆինանսական միջոցների համալրման խնդրի լուծմանը»,-ասաց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկել է նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







