Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։
Իմքայլական պատգամավոր Համազապ Դանիելյանը ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե կան արդյոք հաշվարկներ այս փոփոխությունն ինչպես է մի կողմից ազդելու մուտքերի վրա, մյուս կողմից ձեռնարկատերի պարագայում միջինացված ինչ ազդեցությունն է ունենալու։ Պողասյանը վստահեցրեց, որ նման հաշվարկներ կան, այլապես առանց հարկաբյուջետային կայունության վրա հնարավոր ռիսկերի գնահատման առնվազն ճիշտ չէր լինի կատարել նման փոփոխություն, որովհետև իրացվելիության հետ կապված խնդիրներ ունեն ոչ միայն տնտեսվարող սուբյեկտները, այլև կառավարությունը և կան առաջնահերթ ծախսեր, որոնք կարիք ունեն ֆինանսավորման։
«Մեր գնահատականները հետևյալն է․ եթե մի պահ պատկերացնենք, որ որևէ փոփոխություն չենք կատարում և հաշվի առնենք, որ լրացել է այլընտրանքային եղանակով կանխավճար կատարելու հայտարարության ներկայացման վերջնաժամկետը, նշանակում է այլ հավասար պայմաններում յուրաքանչյուր եռամսյակում շուրջ 32 միլիարդ դրամի չափով կանխավճար պետք է կատարվեր։ Եթե տարին ամփովեր այնպես, որ ստացվեր կանխավճարները չեն ծածկվում համապատասխան շահույթով, ստացվում է կառավարությունը կպարտավորվեր դրանց մի մասը վերադարձներ բիզնեսին։ Սա է ֆիսկալ ազդեցությունը»,- ընդգծեց Պողոսյանը։
Նա նշեց, որ երկրորդ եռամսյակի համար գործնականորեն կանխավճարներ հնարավոր չէ այսօր կատարել, քանի դեռ կանխավճարի կատարման վերջնաժամկետը չի եկել, պարտավորությունը չի առաջադրում ու չի գանձում, անգամ եթե հարկ վճարողը միասնական հաշվին ունի բավարար միջոցներ։
«Այսինքն քանի դեռ վերջնաժամկետը չունենք, հարկ վճարողի ունեցած միջոցներից այդ գումարը չի գանձվում պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին, որովհետև այս պարտավորությունը ծագում է վերջնաժամկետով, ոչ թե հարկ վճարողների գործողությունների հաշվին»,- ընդգծեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







