Ադրբեջանը թուրքական արտադրության նոր ռազմական անօդաչու թռչող սարքեր կգնի Բաքվի և Անկարայի միջև 200 մլն թուրքական լիրայի (գրեթե 30 մլն դոլար) պաշտպանական արտադրանք գնելու մասին խորհրդարանի կողմից ռազմական ֆինանսական համաձայնագրի վավերացումից հետո, գրում է vestikavkaza.ru-ն:
Caspian News-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փետրվարի 24-ին Բաքու կատարած այցի ժամանակ ստորագրված համաձայնագիրը մայիսի 31-ին արժանացել է Ադրբեջանի խորհրդարանի հավանությանը:
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Զիյաֆետ Ասկերովն ասել է, որ փաստաթուղթը կծառայի ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանը և կնպաստի ադրբեջանական բանակի զարգացմանը: Փաստաթղթում շարադրված են մոտ 30 մլն դոլարի օգտագործման պայմանները, ինչը համարժեք է 200 մլն թուրքական լիրայի՝ Թուրքիայում բացառապես ներքին արտադրությամբ զբաղվող տեղական ձեռնարկություններից ռազմական ապրանքների և ծառայությունների կամավոր գնման համար:
Աղբյուրը նշում է, որ գնվող նոր անօդաչու սարքերը կարող են օգտագործվել «Հայաստանի կողմից օկուպացված հողերի վերադարձի համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







