Այսօր Ազգային Ժողովի դիմաց արտակարգ դրության երկարաձգման դեմ և հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել ոստիկանության բաժին՝ պարետի սահմանած կանոններին չենթարկվելու համար, ինչից հետո նրա աջակիցները հավաքվել էին Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց:
Բերման ենթարկվաների մասին տեղեկություն ստանալու համար ոստիկանության բաժին էին եկել նաև «Ադեկվատ» նախաձեռնության անդամները, ինչպես նաև հայտնի պատգամավորներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը, ՀՅԴ կուսակցությունից՝ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը:
Լրագրողների հետ զրույցում Գևորգ Գորգիսյանը նշեց, որ անընդունելի է պարետատան կանոների պահպանմամբ բողոքի ակցիա անողներին բերման ենթարկելը:
Դաշնակցական Արծվիկ Մինասյանը դեմ արտահայտվեց արտակարգ դրության երկարաձգմանը:
«Սա փորձ է քողարկելու սեփական անպատասխանատվությունը: Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերին իշխանության դրսևորած անգործությունը վկայում է, որ կառավարությունը ձախողել է կանխարգելիչ և մարդկանց առողջության պահպանմանն ուղղված քաղաքականությունը և արտակարգ դրության ռեժիմը մեխանիկորեն երկարաձգելը համարում ենք անթույլատրելի»:
Բերման ենթարվելուց 3 ժամ անց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ազատ արձակվեց: Նա հայտնեց, որ արձանագրություն է կազմվել, առգրավվել է նրա պաստառը և վարույթ պետք է իրականացվի:
Մելիքյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին և ասաց, որ, որպես փաստաբան, պետք է զբաղվի այն մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, ովքեր նույն ժամանակահատվածում բերման են ենթարկվել:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքում տեղեկացրել էր, որ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






