ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը։
Խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման համակարգը կարող է խիստ վերահսկողություն սահմանել այնպիսի կարևոր գործընթացներում ինչպիսիք են՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերումը և կանխարգելումը, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի հավաստագրումը և փաստաթղթավորումը, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրումը և արտահանումը:
Համակարգի ներդնումը կարող է հանդիսանալ կարևոր գործիք անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճշգրտության բարձրացման, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար:
ՀՀ-ում 2019 թվականին անասնաբուծությունից ստացվել է 442.4 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 235 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկնում տավարաբուծությունից ստացված արտադրանքին։ Սակայն, ներկայումս հանրապետությունում անասնագլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Այն դեպքում, որ գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումն իրականացվում է ընդամենը տարին մեկ անգամ, արդյունքում տարեսկզբին հաշվառված և տարվա ընթացքում փաստացի (շրջանառու) գլխաքանակի միջև ի հայտ են գալիս անհամապատասխանություններ։
Հաշվի առնելով, որ Հանրապետությունում անասնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ավելի քան 85 տոկոսը հանդիսանում է սննդամթերք (միս, կաթ), որի զգալի մասը ապահովում է տավարաբուծությունը, ապա առկա ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվության տիրապետումը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումն ամենաառանցքային գործոնն է կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործընթացում և որին կարելի է հասնել Համակարգի գործարկման միջոցով:
Ծրագիրը նախատեսում է ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով և տեխնիկա-տնտեսական պատճառներով այն կրելու է շարունակական բնույթ։ Մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի ՀՀ ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 245 հազար գլուխ տարեկան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







