Մենք առաջիկայում սկսելու ենք ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, այս իշխանություններին հեռացնելն է և նոր ազգային համաձայնության կառավարության ձևավորումն է։ Այդ օրակարգի շուրջ մենք առաջիկայում կսկսենք քաղաքական կոնսուլտացիաներ բոլոր քաղաքական ուժերի և անհատների հետ։ Այս մասին «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե նոր են սկսելու այդ խորհրդակցությունները, քանի որ «Իմ քայլից» հնչում են պնդումներ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր հետ և ոչ մեկ անգամ, Արթուր Վանեցյանը պատասխանել է․ «Գագիկ Ծառուկյանի հետ ես ունեմ շատ լավ, մարդկային, մտերիմ հարաբերություններ։ Ես նրա հետ հանդիպել եմ նախկինում, հանդիպում եմ հիմա, հետագայում նաև։ Այո՛, մեր հանդիպումները կրում են պարբերական բնույթ, բայց այս պահին դեռևս քաղաքական պայմանավորվածություններ չունենք։ Քաղաքական պայմանավորվածությունը ձեռք կբերվի, երբ կլինի առաջարկություն կամ կլինի քննարկում, այդ հարցը մեր քաղաքական խորհուրդը կքննարկի, և եթե որոշում կայացվի, դրա մասին անմիջապես հանրությունը կտեղեկացվի»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







