Ատոմակայանի պահպանման համար ռուսական վարկից հրաժարվելը ոչ մի աղերս չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, մեր հարաբերությունները կայուն, ռազմավարական, գործընկերային են։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս փուլում մենք մեր երկրի համար ավելի շահեկան ենք համարել, որ կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել մեր առջև ծառացած խնդիրը: Միաժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա: Մենք ժառանգել ենք տարբեր վարկային պարտավորություններ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են:
Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, «Ռոսատոմը» հիմնական իրականացնող ընկերությունն է, պայմանագրերը գործընկերների հետ առկա են և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով»,-ընդգծեց Պապիկյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







