ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է իր տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։
Նախարարը նշել է, որ արդեն մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչև հեռահար հրթիռային համակարգեր և մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա, սակայն մենք ճանապարհի սկզբին ենք․ Զինված ուժերի վերազինումը մի քանի նպատակ է հետապնդում:
-Առաջինը՝ այնպիսի ռազմական ներուժի ձևավորումն է, որը ոչ միայն կզսպի հակառակորդի ռևանշիստական նկրտումները և զերծ կպահի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից, այլև այդ գայթակղության դեպքում նրան արագորեն կզրկի պատերազմավարման կարողություններից: Այդ ներուժը կոչված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից դուրս մղելու վերջնագրերի, նախապայմանների և սպառնալիքների բառապաշարը:
-Երկրորդը՝ վերազինումը նպատակաուղղված է զինված ուժերի ստորաբաժանումները այնպիսի շարժունակ, ժամանակակից և գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում և կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները:
Շեշտադրելով որակական, այլ ոչ թե քանակական ցուցանիշները` վերազինման արդյունքում ձեռքբերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակները պետք է գերազանցեն արդեն իսկ առկա և փոխարինվող ՍՌՏ-ի տեսակներին` կրակային հզորության ու ճշգրտության, շարժունակության, պաշտպանվածության և արագ արձագանքման իրենց հնարավորություններով:
-Երրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասնելու ՍՌՏ-ի առավել երկարաժամկետ և դյուրին՝ պակաս մարդկային ռեսուրսներ պահանջող և մարդկային գործոնից նվազագույն կախում ունեցող շահագործման, սպասարկման ու կիրառման, դրա արդյունքում՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման:
-Եվ չորրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասանելի ռեսուրսների առավել արդյունավետ կիրառմամբ մարտական գործողությունների վարման տարբեր տիրույթներում հասնելու հավանական հակառակորդի նկատմամբ ակնհայտ գերազանցության և չեզոքացնելու այլ ուղղությամբ առկա ռիսկերը: Օրինակ` 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման նպատակն է ստանձնել նախաձեռնությունը «օդ-օդ» և «օդ-ցամաք» տիրույթներում, տարբեր բարձրությունների և խորությունների վրա գործող գերզգայուն ՀՕՊ համակարգերի համալրման նպատակն է թիրախավորել և չեզոքացնել օդային հարձակման բոլոր հավանական միջոցները՝ ցածր բարձրությունների վրա թռչող և ամենափոքր թիրախներից մինչև օդատիեզերական տիրույթում գործողները և այսպես շարունակ։
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







