Վրացական Kaya և Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունները կօգնեն Հայաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում` նվիրելով հինգ ախտահանման խցիկ՝ գրում է Sputnik Грузия-ն:
Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Ըստ վերջին տվյալների՝ երկրում կա 13 130 հաստատված վարակի դեպք: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 195 նոր դեպք:
Ելնելով Հայաստանում ստեղծված համաճարակային այդ իրավիճակից՝ վրացական հանրային շրջանակները որոշել են որոշակի օգնություն ցուցաբերել Հայաստանին։
«Մենք պատրաստ ենք առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հինգ խցիկ ուղարկել հարևան երկիր: Դրանք կարող են տեղադրվել հասարակական վայրերում, օրինակ, Վրաստանում խցիկներից մեկը գտնվում է Օքրիբի ավտոբուսի կայարանում, մյուսը Գագուա հիվանդանոցում և այլն, և Հայաստանը կարող է ցանկության դեպքում օգտագործել դրանք, ասենք, հիվանդանոցներում և հիվանդասենյակներում՝ ներքին վարակը կանխելու համար», – լրագրողներին ասել է ընկերության հիմնադիր Գիվի Բերիձեն:
Նշվում է, որ վրացական Kaya եւ Edison Tech Solutions ընկերությունների կողմից ախտահանման խցիկները ստեղծվել են մոտ մեկ ամիս առաջ՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







