Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվում էր ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
«Իմ քայլը»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան, նախարարը նշեց, որ գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է։
Աղազարյանը նկատեց, որ գույքահարկի փոփոխությունների նախագծով առաջարկվում է հողատարածքների գույքահարկի տարեկան դրույքաչափը 1 տոկոսից դարձնել 0.25 տոկոս: «Որքանո՞վ է այդ մոտեցումը համահունչ այն տեսակետի հետ, որ հարկային քաղաքականությունը պետք է նպաստի տնտեսության զարգացացմանը»,-հետաքրքրվեց նա:
Նախարարն արձագանքեց. «Գույքահարկը ըստ էության տնտեսության զարգացման տեսակետից չի դիտարկվում նշանակալի գործոն: Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է, բավականին ցածր է: Ըստ էության, այդ հարկատեսակը չի կանխորոշում, թե ինչպիսին պետք է լինի տնտեսության զարգացումը»:
Ինչ վերաբերում է արտադրական նշանակության գույքի համար այլ մոտեցում ցուցաբերելուն, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենք քննարկել են այդ մոտեցումը և, այնուամենայնիվ, եկել են այն եզրահանգման, որ դա նպատակահարմար չէ՝ որպես գործիք կիրառել:
«Մենք ուզում ենք բարձր արտադրողական տնտեսություն ունենալ մեր երկրում, ինչը միշտ չէ, որ նշանակում է, թե ինչքան մեծ է տարածքը, այնքան արտադրողական է այն: Եկանք այն եզրակացության, որ գնանք հետևյալ մոտեցմամբ՝ գույքն է հարկման օբյեկտը, և էական չէ տնտեսավարումը լա՞վ է կազմակերպվում, թե՞ ոչ»,-ասաց Ջանջուղազյանն ու նկատեց՝ դա արդեն իր լուծումը կգտնի մյուս հարաբերություններում:
Նախարարը նաև հիշեցրեց, որ առաջարկված նախագիծը գյուղատնտեսական նշանակության հողերին չի վերաբերում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ավելացրեց, որ չօգտագործվող շենք-շինությունների, հողերի հարցը լուրջ խնդիր է դարձել: «Որոշակի մեխանիզմներ պետք է գտնենք այդ հարցին լուծում տալու համար, թեկուզ ոչ այս նախագծի շրջանակներում»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







