Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ վերջին օրերին Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական կոչերին։
Հայրապետյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են ռազմական, ուժի սպառնալիքին ուղղված կոչերը, իսկ դրանք հնչում են երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից։
«Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ակտիվորեն քննարկվում են նաև Ադրբեջանի խորհրդարանում և հնչում են ռազմական գործողություններն օր առաջ վերսկսելու կոչեր»,- ասաց պատգամավորը։
Իմքայլական պատգամավորի կարծիքով, բոլոր ռիսկերով հանդերձ՝ սա ներքին գործընթացների արդյունք է և ներքին լսարանին ուղղված կոչեր են, քանի որ Ադրբեջանն անցել է կարանտինային խիստ ռեժիմի՝ դիմակների կրումը դարձել է պարտադիր, օրինախախտները տուգանվում են։
«Հաշվի առնելով այդ իրավիճակը, ներքաղաքական որոշ գործընթացներ՝ ես այս պահի դրույթյամբ չեմ կարծում, որ Ադրբեջանը նման արկածախնդրության կգնա։ Այդուհանդերձ, այս կոչերն անպատասխան չեն մնալու, ինչպես Ազգային ժողովի դահլիճից հայտարարել է մեր խմբակցության ղեկավարը, այնպես էլ մենք, Արտաքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այս ուղղությամբ, որպեսզի այդ կոչերը չմնան անարձագանք»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Հայրապետյանը նշեց, որ ցանկացած զարգացման դեպքում, եթե, Աստված մի արասցե, վաղը կամ մյուս օրը տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի, դրա հետևանքներն Ադրբեջանն առաջինն է կրելու իր վրա։
Պատգամավորը նաև հայտնեց, որ Ադրբեջանից հնչող այս կոչերը համարժեք արձագանք են ստանում նաև Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







