Այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է, տնից դուրս՝ ամեն տեղ։ Մենք պետք է իրար հետևենք, իրար պարտադրենք, իրարից պահանջենք, որ հակահամաճարակային կանոնները պահպանվեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես երեկ համոզվեցի, որ մեր կիրառած ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողությունն է: Մենք ձևավորում ենք հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ: Ես ուրիշ խնդիր եմ դնում, Հայաստանում պետք է սկսի զանգվածային հակահամաժարակային շարժում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ զանգվածային հակահամաճարակային շարժում սկսելու համար անհրաժեշտ է՝
-Մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է հակահամաճարակային կանոնների պահպանում,
-Վերահսկել ուրիշների կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը,
-Լուսանկարահանել կամ տեսանկարահանել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերն ու դրանք հրապարակել սոցիալական ցանցի իրեննց էջերում։
Վարչապետը տեղեկացրեց, որ արդեն իսկ ոստիկանությունում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը հետևելու է խախտումների վերաբերյալ ահազանգերին։
«Կոչ եմ անում բոլորին միանալ այդ շարժմանը: Ընդ որում, կապ չունի, մենք ախտորոշված ենք, թե ոչ»,-ասաց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







