ՀՀ Պարետի որոշմամբ՝ 24 ժամով դադարեցվում է «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը։ Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան, ինչին գյուղացիներն ընդդիմանում են։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՍԱՏՄ մշտադիտարկման արդյունքում պարզել են, որ «Մեյմանդարի» շուկայում չեն պահպանվել անվտանգության կանոնները՝ մուտքի մոտ չեն ջերմաչափվել, դիմակներ չեն կրել,դիմակների և ձեռնոցների համար հատուկ աղբամաններ դրված չեն եղել։ Ըստ նրա՝ մշտադիտարման մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով էլ կայացրել է համապատասխան որոշումը։
Գյուղացիները, վաճառողներն ու վերավաճառողները պնդում են հակառակը՝ ամեն օր մի քանի անգամ ախտահանում են անում:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ մեկ օրում ամբողջ բերքը կփչանա, գումար են ծախսել, պետք է իրացնեն և ընտանիք պահեն։
«Այդ իմ ապրանքը, որ փչացավ, միլիոն հատ վարկ ունեմ, ո՞վ է վճարելու, հետո էլ պիտի գաք տունը ձեռիցս վերցնեք», — նշեց մասնակիցներից մեկը։
Ըստ նրանց՝ շուկան փակելու դրդապատճառը Արտաշատի շուկան զարգացնելու միտումն է.
«Արտաշատի շուկան հենց բացվեց, որոշեցին, որ կորոնավիրուս կա ու փակում են շուկան»,-նշեց գյուղացիներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են՝ «շուկան չի փակվելու ու վերջ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







