Տրանսպորտի ոլորտում խնդիրներ կան և մենք պատկերացում ունենք այն լուծելու մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց, որ տրանսպորտի ոլորտում լուծվել է մի մեծ խնդիր, որը տասնամյակներով չէր լուծվել, այն է՝ ՀՀ քաղաքացիները գոնե կորոնավիրուսից առաջ 50-70 եվրոյով կարող էին մեկնել Եվրոպա և հետ վերադառնալ․ դա շատ մեծ խնդիր էր։ Վարչապետը տեղեկացրեց, որ Երևան քաղաքում ավտոբուսների պարկի թարմացման պրոցես են սկսել, մարզային տրանսպորտի խնդիրները լուծելու քննարկում են ունեցել, սակայն պետք է փաստել, որ ներմարզային տրանսպորտի խնդիրը միակողմանի խնդիր չէ։
Փաշինյանը նկատեց, որ ՀՀ շուրջ քսան հազար քաղաքացիներ տաքսի վարելով են իրենց ընտանիքները պահում և քայլեր ձեռնարկելուց առաջ պետք է լուծել այդ մարդկանց սոցիալական խնդիրները։
«Եթե տրանսպորտի ոլորտը համակարգենք այնպես, որ ամեն ինչ հավսար-զգաստ լինի՝ պետք է սոցիալական կողմը ևս կարողանանք լուծել։ Համաճարակից առաջ կարծում էինք մոտեցել ենք այդ վիճակին։ Չասեք, թե համաճարակը պատճառ ենք բերում, բայց պետք է հասկանանք սոցիալական վիճակը։ Մյուս տարի կարծում եմ կվերադառնանք 2019 թվականի տնտեսական աճի տեմպերին, և փուլ առ փուլ կլուծենք նաև ներմարզային տրանսպորտի խնդիրը»,- նշեց Փաշինյանը։
Ըստ վարչապետի այստեղ ևս շահարկումներ կան, թե մոնոպոլիաներ են ստեղծում, բայց իրենց մոտեցումն է, որ քաղաքացիներն օգտվեն քաղաքակիրթ տրանսպորտից։ Նախարարությունը վարչապետի տեղեկացմամբ՝ լավ ծրագիր է մշակել, որ մրցույթի դրվեն երթուղիները ոչ թ մեկ ուղղությամբ, այլ ամբողջ մարզով։
Ինչ վերաբերում է տրանսպորտի ոլորտը համակարգելու համար համապատասխան գերատեսչություն ստեղծելուն, վարչապետը նշեց, որ չարժե նման բան անել, այն առավելապես ծախսերն է մեծացնելու։
«Հայաստանում մի մեծ մոլորություն կա, որ հարց լուծելու համար պետք է նախարարություն ստեղծել, այդպես որ լինի ՀՀ-ում նախարարությունների թիվը պետք է հինգ անգամ շատ լինեն»,- նշեց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







