Պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ բուհ ընդունելության կարգն ամբողջությամբ փոփոխել ենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Փորձել ենք այնպես անել, որ համակարգը և որակը չտուժի, և կարողանանք Պարետատան և Առողջապահության նախարարության ցուցումների տրամաբանության մեջ մեջ տեղավորվել։ Մշակել ենք մի համակարգ, որը նախորդ տարիների համեմատ առանձնահատկություն ունի՝ ամբողջությամբ գրանցումն առցանց է, Dimord.am կայքն այցելելով կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն։ Եվ երկրորդ՝ ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ՝ պարտադիրի դեպքում նախարարությունը՝ բուհերի հետ համագործակցությամբ, որոշել է քննություններից որն է տվյալ մասնագիտությանը ավելի համապատասխանում, իսկ ոչ պարտադիրների դեպում՝ թողել ենք, որ դիմորդն ընտրի իր նախընտրած առարկան, որի գնահատականը կլինի մրցութային»,- նշեց Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ մրցույթն անցկացվելու է հուլիսի 1-8-ն ընկած ժամանակահատվածում և ժամկետները պայմանավորված են զորահավաքային տրամաբանությամբ։
Դիտարկմանը, թե բուն քննական գործընթացը անցկացվելու է առցանց, թե ոչ, նախարարը նկատեց, որ առցանց չի լինելու, լինելու է քննական կենտրոններում, որոնց թիվը ավելացվել է։ Նա նշեց, որ դիմակներ, ախտահանող սարքեր, թափանցիկությունն ապահովելու համար՝ տեսանկարահող սարքեր են ձեռք բերվելու։
Արայիկ Հարությունյանը կոչ արեց ծնողներինզերծ մնալ քննական կենտրոններ այցելելուց՝ ընդգծելով,որ որքան քիչ մարդ ուղեկցի դիմորդներին, այնքան հավանական է, որ այն անվտանգ կանցկացվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







