«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին, արձանագրեց՝ այն վերաբերում է հանրաքվեներին ընդհանրապես, և ոչ թե միայն ապրիլի 5-ին նախատեսված ու հետաձգված հանրաքվեին։
«Նախագիծն այն մասին չէ, թե ինչ պետք է լինի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի հետ, բայց քանի որ նախագիծը վերաբերում է բոլոր հանրաքվեներին, այդ պատճառով այն վերաբերում է նաև դրան։ Մենք հասկացանք, որ նոր իրողություն է, և արտակարգ դրությունը կարող է ձգվել 1 տարի, 2 տարի։ Եվ կարող է իրավիճակ առաջանալ, որ նախապես նշանակվել է հանրաքվե, բայց, օրինակ, 2 տարի անց՝ արտակարգ դրության ավարտից հետո, երբ հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել, այս կամ այն պատճառով հանրաքվեի խնդրո առարկան արդեն չկա, և այլն։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ հանրաքվեն լավագույն տարբերակն է խնդիրը լուծելու։ Հետագայում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ակնհայտ է դարձել, որ քանի դեռ համավարակը հաղթահարված չէ, հանրաքվե հնարավոր չի լինելու անցկացնել։ Բայց մենք ուզում ենք խնդիրը լուծել, հետևաբար, եթե հնարավոր չի դառնում հանրաքվեով խնդիրը լուծել, մենք գտնում ենք այլ ուղի խնդիրը լուծելու համար»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների քննադատություններին: Ռուբինյանի խոսքով, ԲՀԿ-ն առաջարկում էր դիմել Վենետիկի հանձնաժողովին, ապա նախանշում, որ չի մասնակցելու խոցելի իրավական գործընթացին։
«Ո՞րն է տրամաբանությունը։ Եթե համարում էիք խոցելի իրավական գործընթաց, պետք է միայն երջանիկ լինեք, որ հիպոթետիկ գործընթացը չեղարկվի։ Եթե գտնում էիք՝ կարևոր է Վենետիկի հանձնաժողովին դիմելը, հիմա պետք է կրկնակի երջանիկ լինեիք, որովհետև Արդարադատության նախարարը դիմել է հանձնաժողով։ Մենք ուզում ենք լուծել խնդիրը, Դուք՝ ոչ։ Հիմա Դուք ուղիղ ասելու փոխարեն, որ չեք ուզում ՍԴ խնդիրը լուծվի, եկել ասում եք` բա ինչի՞ չեք անում այդ հանրաքվեն և այլն»,- նշեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






